Լեհաստանը մոտ 6 միլիարդ դոլար կծախսի իր ռազմածովային ուժերի զարգացման վրա
Jane’s-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է 17.9 միլիարդ զլոտի (5.8 միլիարդ դոլար) ծախսել ռազմածովային ուժերի զարգացման վրա: Այդ պլաններն ընդգրկվել են 2013-2022 թվականի պետծրագրում և մինչև 2030 թվականը պլանային ժամանակաշրջանում:
Փաստաթղթի համաձայն, ռազմածովային ուժերի համար գնվելու է 17 ռազմանավ ու սուզանավ, ինչպես նաև ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Զարգացման ծրագրի շրջանակներում Լեհաստանի ռազմածովային ուժերը մասնավորապես կստանան երեք կորվետ, 4 պահակային մոտորանավակ, 3 տրալչիկ, 1 ծովային տրանսպորտ և 3 սուզանավ:
Հայտնի չէ, թե ինչպիսին են լինելու մնացյալ երեք նավերը: Պլանավորված է նավերի մեծ մասը նավատորմի կազմում ընդգրկել 2017-2022 թվականներին, իսկ մնացյալը մասը՝ մինչև 2030 թվականը: Այդ տարիներին զինվորականները կստանան նաև 3 պարեկային ինքնաթիռ և 12-14 հակասուզանավային ու որոնողա-փրկարարական ուղղաթիռ:
Ներկայումս Լեհաստանի ռազմածովային ուժերի տրամադրության տակ առկա է մոտ 90 ռազմանավ, 29 ուղղաթիռ ու 12 ինքնաթիռ: Առանց արդիականացման ու նոր ռազմական տեխնիկա գնելու, 2022 թվականից հետո Լեհաստանի զինված ուժերի տրամադրության տակ կմնա 22 ռազմանավ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի կեսերին հաղորդվել էր, թե Լեհաստանը պլանավորել է առաջիկա 9 տարում բանակի արդիականացման վրա ծախսել մոտ 45 միլիարդ դոլար: Արդեն նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Լեհաստանը գնել է 119 գերմանական Leopard 2 տիպի տանկ: