
Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի փոփոխությունների ալիքն առնչվել է 6000 ոստիկանի

Haber Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Թուրքիայում շարունակվում են ուժային կառույցների «մաքրումները», ինչը հանդիսանում է հակակոռուպցիոն հատուկ գործողության շարունակություն:
Թուրքիայի անվտանգության վարչությունում իրականացված վերափոխումների հետևանքով զբաղեցրած պաշտոններից հեռացվել և այլ պաշտոններում է նշանակվել ավելի քան 800 ոստիկան: Այդ փոփոխություններն իրականացվել են երեկ:
Դրանցից 500-ն առնչվել է Անկարայի ոստիկանությանը, 274-ը՝ Իզմիրի ոստիկանությանը, ևս 55-ը՝ Ստամբուլին ու Գազիանթեփին: Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ Թուրքիայում ոստիկանական փոփոխություններն առնչվել են մոտ 6000 ոստիկանի:
Հիշեցնենք, որ Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո իրենց զբաղեցրած պաշտոններին Ստամբուլում հրաժեշտ է տվել 115 դատավոր ու դատախազ: