Բաժիններ՝

Կոռուպցիոն սկանդալից հետո Ստամբուլում զբաղեցրած պաշտոնից հեռացվել է 115 դատավոր ու դատախազ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը սկսած երկու դատախազ երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոններից:

Նրանցից մեկը Ջելալ Քարան է, ով հնչեղ հետաքննությունը վարում էր դրա սկզբնական փուլից և հենց նա է արտոնել ազդեցիկ, կառավարամետ գործարարների ու նախարարների որդիների զանգվածային ձերբակալումը նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին:

Մյուս դատախազը հետաքննությանը մասնակցող Մեհմեթ Յուզգեչն է: Դատախազները զբաղեցրած պաշտոններից իրենց հեռացվելու և այլ պաշտոնների անցնելու մասին իրազեկվել են էլեկտրոնային փոստով:

Թերթի աղբյուրները հայտնել են, որ դատախազների հարցով նման որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ Ջելալ Քարան երեկ բողոքարկել է կոռուպցիոն սկանդալի գործով անցնող կարկառուն ներկայացուցիչ, գործարար Ռեզա Զարրաբի ակտիվների ապասառեցման վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը:

Բացի այդ, տվյալ որոշման մեջ դերակատարություն է ունեցել նաև այն, որ դատախազները որպես կասկածյալ ցուցմունքներ տալու համար կանչել են երկու հայտնի գործարարի: Ավելի վաղ՝ նախորդ տարվա դեկտեմբերին, զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր հակակոռուպցիոն երկրորդ գործը քննող դատախազ Մուամմեր Աքքաշը:

Կոռուպցիոն սկանդալից հետո զանգվածային «մաքրումներ» են սկսվել ոստիկանության ու դատախազության համակարգերով: Աշխատանքից ազատվել կամ աշխատավայրը հարկադրաբար փոխել են այդ կառույցների հարյուրավոր ներկայացուցիչներ: Միայն Ստամբուլում դա առնչվել է մոտ 115 դատավորի ու դատախազի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս