Մամիկոն Խոջոյանի թոռնիկը նամակ է գրել պապիկին
Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչները երեկ եղել են Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում, հանդիպել են համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին, քննարկել Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի հետ կապված որոշ հարցեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:
Նրա խոսքով՝ Կարմիր խաչը պաշտոնական հարցում է արել Ադրբեջանին՝ արդյոք նրանց մոտ կա՞ Մամիկոն Խոջոյան անունով մարդ: «Եթե իրենք պաշտոնապես պատասխանեն, որ՝ այո, արդեն պաշտոնապես թույլատվություն է տրվում, որ այստեղի Կարմիր խաչից գնան իրեն տեսակցության»,- ասաց Կամո Չոբանյանը:
Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ Մամիկոն Խոջոյանի թոռնիկը նամակ է գրել պապիկին. «Կարմիր խաչից ասել են՝ հենց մեզ թույլատրեցին, որ մենք իրեն տեսակցության գնանք, մենք կփոխանցենք, այնտեղից էլ նամակ կբերենք անպայման»,- փոխանցեց Կ. Չոբանյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը սահմանը հատել էր հունվարի 28-ին: