«Անտառային եղբայրներ» և «Ջեյշուլլահ» կազմակերպությունները պատերազմ են հայտարարել Ադրբեջանին. թուրքական մամուլ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Անտառի եղբայրներ» (Orman kardeşleri) և «Ջեյշուլլահ» (Ceyşullah) երկու կազմակերպություն երեկ պատերազմ են հայտարարել Ադրբեջանին:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ տարածաշրջանի վերլուծաբանները կարծում են, որ այդ խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել Ադրբեջանի տարբեր շրջաններում:
Նշվում է, որ այս կազմակերպություններն Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ են հիշեցնում իրենց գոյության մասին: 1999 թվականին «Անտառային եղբայրները» սպանել են Ադրբեջանի ժողովրդական պայծառատեսների ու էքստրասենսների նախագահ Էթիբար Էրքինին ու նրա երկու տղաներին: Դրա համար կազմակերպության անդամին դատապարտեցին ցմահ ազատազրկման:
Նշվում է նաև, որ «Աբու Բեքիր» մզկիթի վրա իրականացված ռմբային հարձակումը նույնպես իրականացրել են այդ կազմակերպության անդամները: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ու ՆԳՆ-ի բարձրաստիճան անձինք, մեկնաբանելով վերոնշյալ կազմակերպությունների հայտարարությունը, հայտարարել են, որ ազգային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ այդ կազմակերպությունները ծանր մեղադրանքներ են ներկայացրել Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նկատմամբ, ով ոչ վաղ անցյալում դեմ է արտահայտվել Սիրիական հակամարտությանն ադրբեջանցիների մասնակցելուն:
Նշվել է, որ քուվեյթցի գործարար Աբդուլազիզ Բաթենը Հրդալանում (Ադրբեջան) Իսլամական համալսարանի կառուցման համար հատկացրել է 500.000 դոլարի օգնություն, և չնայած դրան՝ այն չի կառուցվել:
Բացի այդ, հարց է ծագում, թե ինչու է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար Նայըֆ Աբդուլազիզը 700.00 դոլար հատկացրել Փաշազադեին: Հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսվել գործարար Աբդուլլահից փախստականների համար ստացված 800.000 դոլարը: Նուրսիական համայնքի մզկիթի կառուցման համար հատկացված 250.000 դոլարը չգիտես ուր է չքացել:
«Վիկիպեդիայի» ռուսական տարբերակում «Անտառային եղբայրները» ներկայացվում է նաև որպես «Դերբենդի ջամաաթ» կամ «Հարավային» խմբավորում, որը ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություն է և գործում է Դաղստանի հարավում: Չնայած դրան՝ թուրքական լրատվամիջոցի բերած նկարում գրված են Լենքորան (Ադրբեջան) և Թավրիզ (Իրան) բառերը:
Կազմակերպության գործունեության մասով նշված է, որ նա զբաղվում է իրավապահների վրա հարձակումներ իրականացնելով, ահաբեկչություններ կազմակերպելով, վահաբական ուղղվածության գրականություն տարածելով, քարոզչական գործունեությամբ: