
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման երրորդ դեպքը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման երրորդ դեպքը: Այս անգամ ցուցադրաբար ինքնահրկիզվել է Բարդայի շրջանի Ալպոուդ գյուղի բնակիչներից մեկը: Միջադեպը գրանցվել է երեկ, Գործադիր իշխանության շենքի առջև:
Ինքնահրկիզվողը 1970 թվականին ծնված Մաարիֆ Վելիևն է, նրան ծանր այրվածքներով տեղափոխել են Բարդայի կենտրոնական հիվանդանոց: Ինքնահրկիզման պատճառները դեռ հայտնի չեն:
Ինքնահրկիզման նախորդ դեպքը գրանցվել է հունվարի 27-ի առավոտյան, Եվլախ քաղաքում, ուր տեղաբնակ, երրորդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովն ինքնահրկիզում էր գործել Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շրջանային բաժանմունքի առջև: Ներկա դրությամբ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Նշվում է, որ նրա առողջական վիճակը վատթարացել է:
Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում առաջին ինքնահրկիզումը գրանցվել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, երբ Ադրբեջանի արհմիությունների համադաշնության շենքի առջև ինքնահրկիզում էր գործել Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովը: Դեկտեմբերի 28-ին նա մահացել էր հիվանդանոցում: