Թուրքիան ու Իրանը ստորագրել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ստեղծման մասին հուշագիր
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան ստորագրել են փոխըմբռնման ու փոխհամագործակցության 4 հուշագիր: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Իրանի առաջին փոխնախագահ Էշադ Ջահանգիրին ստորագրել են Համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծման մասին հուշագիրը:
Հանդիպման ժամանակ ստորագրվել են նաև այլ հուշագրեր: Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ջահանգիրին հայտարարել է, որ Իրանի ու Թուրքիայի փոխհարաբերությունները զարգանում են, և որ երկու երկրները մտադիր են 2015 թվականին ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի:
Նա հավելել է, որ երկու երկրները կառուցողական պայմանավորվածության են եկել տնտեսական համագործակցության հարցերի շուրջ՝ հույս հայտնելով, որ շուտով նման պայմանավորվածություն ձեռք կբերվի իրանական գազի Թուրքիա արտահանման շուրջ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իրան է ժամանել երեկ: Ակնկալվում է, որ այսօր նա կհանդիպի Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոուհանիի հետ: