Էրդողանն այսօր կհանդիպի Ալի Խամենեիի ու Հասան Ռոուհանիի հետ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի հետ:
Ակնկալվում է, որ այսօր Էրդողանը հանդիպումներ կունենա Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Էրդողանը պաշտոնական այցով Իրան է ժամանել երեկ:
Այցից առաջ նա հայտարարել է, որ Թուրքիայի ու Իրանի միջև ստեղծվում է Համագործակցության բարձրագույն խորհուրդ, ինչն անպայմանորեն դրական ազդեցություն կունենա Թուրքիայի ու Իրանի երկկողմ հարաբերությունների վրա:
Էրդողանի խոսքերով՝ 2013 թվականին Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 13.5 միլիարդ դոլարի, որից 7.6 միլիարդ դոլարը բաժին է ընկել Իրանից նավթի ու գազի ներկրմանը:
Իրանն ու Թուրքիան պլանավորել են մոտ ապագայում ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի, իսկ ավելի ուշ՝ 100 միլիարդ դոլարի: