Վրացական արտահանման մեջ գերակայում են մարդատար ավտոմեքենաները
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվար-դեկտեմբերին վրացական արտահանման ծավալն աճել է 22 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ, և կազմել է 2.9 միլիարդ դոլար:
Արտահանման մեջ հիմնական տեղը զբաղեցրել են երկաթե համաձուլվածքները, մարդատար ավտոմեքենաները, մետաղաջարդոնը, մշակված կամ կիսամշակ ոսկին, փայտանյութը, պնդուկը և այլն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:
Առաջին տեղում գտնվում են մարդատար ավտոմեքենաները: 2013 թվականին Վրաստանից մարդատար ավտոմեքենաների արտահանման ծավալը կազմել է 703.9 միլիոն դոլար, ինչը կազմել է ողջ արտահանման 24.2 տոկոսը: 2012 թվականի հետ համեմատ՝ 2013 թվականին Վրաստանից մարդատար ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 116.6 միլիոն դոլարով:
Արտահանման մեջ երկրորդ տեղը զբաղեցրել են երկաթե համաձուլվածքները՝ 229.9 միլիոն դոլար, ինչը կազմում է ողջ արտահանման 7.9 տոկոսով: 2012 թվականի հետ համեմատ՝ դրանց արտահանման ծավալը նվազել է 30.6 միլիոն դոլարով:
Պնդուկի ու ընկույզի արտահանումը կազմել է 166.7 միլիոն դոլար՝ ողջ արտահանման 5.7 տոկոսը (երրորդ տեղ): 2012 թվականի ցուցանիշի համեմատ՝ նախորդ տարի դրանց արտահանումն աճել է 83.1 միլիոն դոլարով: