Թուրքիան մտադիր չէ ավելացնել իրանական նավթի ներկրման ծավալը. Թաներ Յըլդըզ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը թուրք-ֆրանսիական գործարար ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ավելացնել իրանական նավթի ներկրման ծավալը:
Նախարարի խոսքերով՝ Թուրքիան ներկայումս գնում է բավականաչափ ծավալի իրանական նավթ: Յըլդըզը հավելել է, որ Թուրքիան պատժամիջոցների պատճառով հարկադրված է եղել կրճատել իրանական նավթի ներկրումը մինչև օրական 105.000 բարելի:
Ինչ վերաբերում է իրանական գազի գնի հարցով Թուրքիայի կողմից Միջազգային միջնորդ դատարան դիմելուն, ապա Յըլդըզն ընդգծել է, որ այդ թեման կդառնա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Ավելի վաղ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիան ամենաթանկ գնով գազը գնում է հենց Իրանից: