Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները «գիտաֆանտաստիկ» ժանրից են
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը քաղաքական «խաղ չի խաղում»: 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խաղն են խաղում, Գուրգեն Արսենյանն ասաց. «Ես, համենայնդեպս, որևէ խաղ չեմ խաղում»:
Մեր հարցին, թե մյուսները «խաղ խաղո՞ւմ են», նա այսպես արձագանքեց. «Դիմեք հասցեատերերին: Ես իմ դիրքորոշումը հայտնեցի, մնացածը ենթադրությունների դաշտից է»: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, ապա Գուրգեն Արսենյանը համոզված է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, ում տվյալները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին, կարող է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, և բնակչության աջակցության պարագայում՝ ընտրվել ՀՀ նախագահ:
Մեր հարցին, թե՝ անձամբ Դուք կողմնակից կլինե՞ք, որ Ռ. Քոչարյանը դառնա ընդդիմության միասնական թեկնածու, ԲՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Դուք խոսում եք գիտաֆանտաստիկ ժանրի շրջանակներից. սենց կլինի՞, կարող ա՞ նենց լինի… երբ որ կլինի, ես իմ դիրքորոշումը հստակ կարտահայտեմ: Երբ ինչ-որ մի բան տեղի ունենա, տեղի ունեցածի վերաբերյալ ես կարտահայտվեմ, եթե ինչ-որ մի բան տեղի չի ունեցել, ես դրա վերաբերյալ տեսակետ չեմ արտահայտում»: