Սեյրան Օհանյան. Կրակոցներն առօրյա իրականություն են մեզ համար (տեսանյութ)

«Այս տոնն առաջին հերթին վերաբերում է հենց այն վայրին, որտեղ մենք գտնվում ենք՝ Եռաբլուրին, մեր բոլոր զոհված, անհայտ կորած ընկերներին. նրանց թափած արյունն ի զուր չի թափվել: Այսօր մենք կարողանում ենք շրունակել նրանց կիսատ թողած գործը: Այսօր մարտական գործողությունների անցած փորձով մեր կամավորականների փորձի շաղախման և նաև այսօր զինվորի պատրաստականության շնորհիվ է, որ կարողանում ենք առաջընթաց ապահովել և նաև այստեղ՝ այս սուրբ վայրում գտնվելով, պարտավորվում ենք ամեն ինչ անել 2014 թվականին և ընդմիշտ, որպեսզի հայ ժողովրդի առօրյան լինի միայն ու միայն խաղաղ պայմաններում»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ սահմանին իրավիճակը վերահսկելի է: «Մեր դիրքապահների պատրաստակամության, մարտական ոգու և նրանց հրամանատարների սառնասիրտ, լուրջ, հիմնավոր որոշումների շնորհիվ մենք կարողանում ենք և պահպանել մարտական հերթապահության համապատասխան պայմանները, և ցանկացած ոտնձգություն իր արժանի հակահարվածը կստանա այնպես, ինչպես ստացավ հունվարի 20-ին»,- ասաց պաշտպանության նախարարը:

«Գիշերը կրակոցներ եղել են, հարաբերական, այսպես համեմատական առումով շատ են եղել, բայց իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Ս. Օհանյանը:

«Այսօր պատերազմի վերսկսումը նվազ մակարդակի վրա է գտնվում՝ չնայած նրան, որ պաշտպանության նախարարության անձնակազմն ամեն օր է պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքը: Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը չնայած փոփոխական է, բայց վերահսկելի է, և նաև այդ կրակոցները առօրյա իրականություն են մեզ համար և այդպես մտահոգության կարիք չկա: Ես մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կանենք, որ 2014 թվականը լինի խաղաղ»,- ասաց պաշտպանության նախարարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս