
Եգիպտական բանակը որոշել է նախագահի պաշտոնում առաջադրել Սիսիի թեկնածությունը

Al Ahram թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը երեկ կոչ է արել Պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին առաջադրել երկրի նախագահի պաշտոնում:
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ֆելդմարշալը կհայտարարի, թե արդյոք պատրա՞ստ է ընդունել այդ առաջարկը և առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Դրական որոշման դեպքում նա հարկադրված կլինի հրաժարական տալ՝ համաձայն օրենքի:
Եգիպտոսի ԿԸՀ-ը պաշտոնապես նախագահի թեկնածուների հայտերն ընդունելու է այս տարվա փետրվարի 18-ից: Ընտրություններն անցկացվելու են ապրիլի վերջին: Սիսին հանդիսանում է եգիպտացի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչը՝ թեև երկիրը պաշտոնապես ղեկավարում է ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է զինվորականների աջակցությամբ:
Նշվում է, որ առաջադրման մասին գեներալների որոշման հրապարակումից ժամեր առաջ Մանսուրը Սիսիին շնորհել է ֆելդմարշալի կոչում, ինչը հանդիսանում է ամենաբարձր զինվորական կոչումը Եգիպտոսում: