
Եգիպտոսի պաշտպանության նախարարը ստացել է ֆելդմարշալի կոչում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտպանության ու ռազմական արդյունաբերության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի զինվորական կոչումը բարձրացվել է մինչև ֆելդմարշալի աստիճանի: Համապատասխան հրամանը ստորագրել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Նշվում է, որ Պաշտպանության նախարարը գլխավոր դերն է խաղացել նախորդ տարվա ամռանը Եգիպտոսում կատարված զինվորական հեղաշրջման իրականացման մեջ, ինչը հանգեցրեց նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությանը:
Վերջին շրջանում քանիցս տեղեկատվություն է շրջանառվել, որ աս-Սիսին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրի առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն այս տարվա ապրիլից ոչ ուշ: Ընդգծվում է, որ ֆելդմարշալը եգիպտական բանակի բարձրագույն զինվորական կոչումն է: