Լյուդմիլա Սարգսյանը հակադարձում է Սասուն Միքայելյանին. Լ. Տեր-Պետրոսյանը չի համագործակցի Քոչարյանի հետ
168.am-ի հետ զրույցում «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը ասել էր, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «խաղն են խաղում»: «Մի քիչ քաղաքական հոտառություն ունեցողը կհասկանա, թե ինչի՞ պիտի նման բան անեն, նրանք բոլորն էլ այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել: Նրանք բոլորն էլ` ի դեմս Քոչարյանի, Ռուսաստանի խաղն են խաղում»,- նշել էր նա:
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սասուն Միքայելյանի այս հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե ինքը կցանկանար խուսափել այս հարցից, որովհետև չի ուզում իր կողմից «շատ հարգելի և սիրելի Սասունին հակադարձել», բայց ստիպված է:
«Ստիպված եմ ասել, որ բացարձակ համամիտ չեմ նրա կողմից հնչեցված տեսակետին և կարծում եմ, որ Սասունի գնահատականը ճիշտ չէ, չի կարելի… ՀԱԿ շարժման մասին, որը հետագայում վերածվեց կուսակցության և որի հետ համատեղ մենք պայքարի մեջ էինք, պայքարում ենք այս իշխանությունների դեմ: Չի կարելի նման գնահատական տալ: Սասունը շատ լավ հասկանում է, որ ժողովրդին չի կարելի գցել հուսահատության գիրկը, իսկ նման կարգի հայտարարություններով ավելի մեծ հուսահատություն է առաջանում ժողովրդի մեջ, վերանում է հավատը քաղաքական ուժերի և այդ ուժերի նկատմամբ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նման հայտարարությունները պակասեցնում են հավատը նաև Սասուն Միքայելյանի անդամակցությամբ գործող «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ:
Դիմելով Ս. Միքայելյանին, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Որպեսզի կարողանան իրենց նկատմամբ էլ հավատ ներշնչեն, չպետք է ոչնչացնեն մյուս քաղաքական ուժերին, հատկապես, որ դա արդարացի գնահատական չէ»:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի արտահատյած այն մտքին, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը «խաղում են» ոչ միայն Ռ. Քոչարյանի, այլև՝ Ռուսաստանի «խաղը», որպեսզի ՌԴ «աչքին լավը երևան», Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ցավում եմ, որ նման կարծիքը հենց Սասունի կողմից է հնչում: Սրանով նա միայն հուսահատության գիրկն է մղում ժողովրդին: Եթե ուզում են որպես քաղաքական ուժ իրենք աջակիցներ ունենան, չի կարելի մարդկանց հիասթափեցնել»:
Նա ընդգծեց, որ ՀԱԿ շարժման, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է և կա Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության ամենամեծ քննադատը: «Ավելի քան վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ասածներից հետ չի կանգնի: Ես վստահ եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի համագործակցի Քոչարյանի հետ»:
Դիտարկմանը, թե շատերի կարծիքով Տեր-Պետրոսյանն արդեն իսկ համագործակցում է ԲՀԿ-ի հետ, ում հետևում կանգնած է Ռ. Քոչարյանը, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց այսպես. «Ես ակնհայտ փաստեր չգիտեմ ԲՀԿ-ի հետ համագործակցության: Աժ-ում մենք համագործակցում ենք ԲՀԿ խմբակցության հետ. բա ի՞նչ եք առաջարկում: Էդ ՀՀԿ ահռելի, մեծ խմբակցության դեմ չկարողանա՞նք միավորվել ու պայքարել…»:
Մեր հարցին, թե ԱԺ ոչ իշխանական ուժերից որևէ մեկը կհամագործակցի՞ Ռ. Քոչարյանի հետ, կդառնա՞ նրա վերադարձի քաղաքական հենարանը, Լ. Սարգսյանը դժվարացավ պատասխանել: «Ես չեմ կարող նման կարծիք հայտնել, և անիմաստ եմ համարում այդ մասին խոսել, քանի որ Ռ. Քոչարյանն, ըստ էության, վերադարձի հայտ չի ներկայացրել»: