2013 թվականին ռուսական ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը կազմել է 13.2 միլիարդ դոլար
Ռուսական Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ 2013 թվականին ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանումը կազմել է 13.2 միլիարդ դոլար:
Իսայկինի խոսքերով՝ ռազմական տեխնիկայի մի մասի մատակարարման դեպքում այդ ցուցանիշը որոշակիորեն գերազանցել է պլանավորված ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը նախորդ տարի զենք է մատակարարել աշխարհի 60 երկրի, որոնցից 6-ին բաժին է ընկել ողջ արտահանման 75 տոկոստ:
Նախորդ տարի «Ռոսօբոռոնէքսպորտ» պետական ընկերությունը կնքել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարման 1202 պայմանագիր, պատվիրատուներից էլ ստացվել է 1902 հայտ: Իսայկինը չի հայտնել ստորագրված համաձայնագրերի ընդհանուր արժեքը:
Նա հավելել է, որ իրենք պլանավորում են առաջիկա 2-3 տարում 13 միլիարդ դոլարի մակարդակի վրա պահել ռազմական արտահանման ծավալները, ինչից հետո այն պետք է հասցվի ավելի քան 15 միլիարդ դոլարի: «Ռոսօբոռոնէքսպորտի» տվյալներով՝ նախորդ տարի ամենամեծ պահանջարկը վայելել են «Սու-30» և «ՄիԳ-29» կործանիչները, ինչպես նաև «Յակ-130» ուսումնա-մարտական ինքնաթիռը:
Բացի այդ, պատվիրատուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նոր «Սու-35» մարտական ինքնաթիռների նկատմամբ: Դա մասնավորապես վերաբերում է Չինաստանին: 2012 թվականին «Ռոսօբոռոնէքսպորտը» կնքել էր 17.6 միլիարդ դոլարի արտահանման պայմանագրեր, ինչը 2.5 անգամ գերազանցել է 2011 թվականի ցուցանիշը:
2012 թվականին ռուսական ռազմական արտահանման ծավալը կազմել է 15.16 միլիարդ դոլար, ինչը 11.8 տոկոսով ավելին է պլանավորվածից: Դրանից մեկ տարի առաջ ռուսական ռազմական արտահանման ծավալը կազմել է 13.2 միլիարդ դոլար: