Էրդողանը կարող է նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը. ԱԶԿ
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ լիովին հավանական է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այս ամռանը կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը:
Վերջինիս խոսքերով՝ այն փաստը, որ հնարավոր է՝ և՛ վարչապետը, և՛ նախագահը ընտրվեն համաժողովրդական ուղիղ քվեարկությամբ, չպետք է քաոս ստեղծի կառավարությունում. «Ես կարծում եմ, որ նախագահին անհրաժեշտ է ընտրել ուղիղ քվեարկությամբ: Համաձայն չեմ, որ այդ ժամանակ նախագահն ու վարչապետը կբախվեն միմյանց»:
Չելիքի խոսքերով՝ վարչապետ Էրդողանը հանդիսանում է ԱԶԿ-ի թիվ մեկ թեկնածուն:
Հիշեցնենք, որ ցայժմ Թուրքիայի նախագահին ընտրել է երկրի խորհրդարանը, և այս տարի առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը: Թուրքիայի նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Դա հնարավոր է դարձել սահմանադրական ուղղումների վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին Թուրքիայում իրականացված հանրաքվեի արդյունքներով:
Դրանից առաջ Թուրքիայի նախագահն ընտրվում էր 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի: 2007 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից երկրի 11-րդ նախագահ նախագահ ընտրված Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետի (5 կամ 7 տարի) շուրջ բավական վեճեր առաջացան Թուրքիայում:
2012 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը վերջակետ դրեց այդ վեճերին՝ վճռելով, որ Գյուլը պաշտոնավարելու է ոչ թե 5, այլ՝ 7 տարի: Սակայն ուշագրավն այն էր, որ դատարանը դրանով հանդերձ Գյուլին տվեց վերընտրման իրավունք, ինչի համար էլ չի բացառվում, որ այս տարվա նախագահական ընտրություններում նա առաջադրի իր թեկնածությունը: