
Մեկ օրում Կահիրեում գրանցվել է 5 պայթյուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեում ոստիկանական ակադեմիայի շենքի մոտ չպարզված տիպի պայթուցիկ սարք է գործել: Այս մասին հայտնել են տեղի իրավապահները: Միջադեպի հետևանքով տուժել է մեկ մարդ:
Նշվում է, որ պայթյունն իրականացվել է եգիպտական հեղափոխության երրորդ տարեդարձին: Ոստիկանությունը կարծում է, որ պայթյունի պատասխանատուները իսլամականներն են: Ակնկալվում է, որ այսօր Եգիպտոսում կգրանցվի բռնությունների կտրուկ աճ՝ կապված 2011 թվականի եգիպտական հեղափոխության հերթական տարեդարձի հետ:
Նշվում է, որ մեկ օրում Կահիրեում գրանցվում է արդեն հինգերորդ պայթյունը: Երեկ Կահիրեում գրանցվել է 4 պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ և վիրավորվել է ևս մի քանի տասնյակ մարդ:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին ամերիկյան The New York Times թերթի սյունակագիրներ Դանիել Բենջամինն ու Սթիվեն Սայմոնը գրել էին, որ կարիք չկա ստեղծել նոր «Ալ-Քաիդա»՝ նկատի ունենալով Եգիպտոսում ստեղծված իրավիճակը.
«Եթե եգիպտական բանակը չդադարեցնի «Մուսուլման եղբայրներ» շարժման վրա իր լայնամասշտաբ հարձակումը, իսկ Ամերիկան ու Եվրոպան չփոխեն տվյալ հարցում իրենց դիրքորոշումը, ապա դա կարող է առաջացնել իսլամական ահաբեկչության նոր ալիք, որն իրենում կընդգրկի ոչ միայն Հյուսիսային Աֆրիկյան, այլև՝ Արևմուտքի մի շարք երկրներ»: