Բաժիններ՝

3.5% աճը կատարյալ ձախողում է. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը 2013 թ. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.5%-ը կատարյալ ձախողում է համարում: 168.am-ի հետ զրույցում Հ.Բագրատյանը նշեց, որ նախ՝ նախագահը խոսք էր տվել 7%  աճ (իսկ ծրագրով՝  5 տարում կրկնապատկել), բայց ունենք 3.5%: Ընդ որում, նա ընդգծեց, որ դա ՏԱՑ-ն է, ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ չի հրապարակվելու, եթե վիճակագիրները բարեխիղճ լինեն, ՀՆԱ-ն պետք է ավելի ցածր լինի (նկատի ունենալով  2013թ-ին տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունները):

«Նույնիսկ այդ 3.5%-ին չեմ հավատում, որովհետև հունվար-նոյեմբերը եղել է  3.1%, իսկ 2012-ի դեկտեմբերը շատ ուժեղ է եղել»,-ասաց Հ.Բագրատյանը՝ տարակուսելով, թե ցուցանիշի հրապարակումն ինչո՞ւ է  4  օր ուշացվել:

Հ.Բագրատյանի խոսքով՝ կառավարության ծրագրով աճը պետք է լիներ 6.2%, անցած տարի նոյեմբերին ներողություն խնդրելով խոստացան 4.2%, իսկ հիմա դա էլ չկա,  մինչդեռ աշխարհի տնտեսությունը շատ արագ է սկսել զարգանալ. «Իրենք ասում էին, թե համաշխարհային տնտեսության դանդաղեցումով է պայմանավորված եղել, բայց  2013-ը համաշխարհային տնտեսության լավագույն տարիներից մեկն է եղել: Այսօր թվերն արդեն կան և պարզ է, որ սուտ են ասել մեզ: Ի վերջո՝ 2013թ-ին աշխարհի տնտեսությունն աճեց 3%-ով, երբ 2012թ-ին 2.3%-ով էր աճել: Չինաստանի տնտեսությունն էլ 7.4%-ի փոխարեն փակվեց 7.7% աճով: Այսինքն, միջին տեմպերի արագացում է ամենուր: Մենք, փաստորեն, զարգացող և անցումային շրջանում գտվող երկրների շարքում ունենք շատ ցածր տեմպեր:  Խոստացված թվերը չեն կատարվել, բնական է, սա բերել է բյուջեում լարվածության: Մենք տեսնում ենք, որ արդեն ոսկի ու գանձ են ուզում ծախել, որ այսպես ասած՝ «յոլա» տանեն: Այն գանձերը, որոնց մի զգալի մասն էլ ես եմ նվիրել պետությանը, հիմա իրենք դա վաճառում են: Խայտառակ վատ վիճակում է հայտնվել երկիրը»:

Որպես արդարացում, ըստ Հ.Բագրատյանի, վաղը ՀՀ ղեկավարությունն ասելու է, թե աշխարհի տնտեսությունը 3% է աճել, իսկ մենք՝ 3.5%,  բայց աշխարհի տնտեսությունը 3 անգամ ավելի զարգացած է, ու եթե այդ 3 անգամ զարգացած տնտեսությունն աճել է գրեթե այնքան,  որքան մենք, դա նշանակում է, որ մեր հետամնացությունը երբեք չիվերանալու.  «Գնալով վատանում է Հայաստանի վիճակը, որևէ զարգացում այս երկրում հնարավոր չէ ունենալ: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Սա աղետ է: Մեզ նվազագույնը 7.1% աճ է պետք, որ այս արտագաղթը կանգնի: Այսօր տնտեսական աճի անկման ու Հայաստանից կապիտալի արտահանման հիմնական պատճառը դարձել է արտագաղթը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս