
Գարիբաշվիլին Դավոսում բարձրացրել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա. ճանապարհ դեպի գլոբալ տնտեսություն» նիստի ժամանակ անդրադարձել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցմանը, որը պետք է ավարտվի 2015 թվականին:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ այդ երկաթուղին Վրաստանի ու Թուրքիայի միջոցով կդառնա կապող օղակ Կասպյան տարածաշրջանի ու Եվրոպայի միջև: Նկատելով, որ վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսությունը կրել է զգալի փոփոխություններ՝ Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, նախկինի նման աջակցելու և իր ներդրումն է ունենալու յուրաքանչյուր նախաձեռնությունում, որը կնպաստի տարածաշրջանային ու միջտարածաշրջանային ինտեգրման գործընթացին: