
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը չի խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին. Շարմազանով

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: 168.am-ի հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին և արդյոք հանդե՞ս եկել է վարչապետի պաշտպանությամբ, ԱԺ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե նիստի ընթացքում բանավեճին որևէ անդրադարձ չի եղել: «Որեւէ ադրադարձ չի եղել երկխոսությանը, որովհետեւ մեր կուսակցության գնահատականները արդեն գիտեք, ես որպես կուսակցության խոսնակ արդեն ներկայացրել եմ տեսակետ, վարչապետը որպես ՀՀԿ փոխնախագահ արդեն խոսել է, իսկ մամլո քարտուղարը ներկայացրել է պարոն նախագահի տեսակետը»,- նշեց նա:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ Քոչարյանը դառնա միասնական ընդդիմության առաջնորդ, ՀՀԿ խոսնակն ասաց, թե ինքը երկրորդ և առաջին նախագահի քաղաքական ծրագրերի մասին տեղեկացված չէ և նրանց ծրագրերին անդրադառնալու հնարավորությունն ու ցանկությունը չունի: «Դա բացառապես նրանց իրավունքն է` մասնակցել քաղաքական պրոցեսներին»,- հավելեց նա: