
Էլթոն Ջոնն առաջարկել է Պուտինին ծանոթացնել ռուս միասեռականների հետ

The Mirror-ի փոխանցմամբ՝ բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը պատասխանել է ոչ վաղ անցյալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցին, որում նա բրիտանացուն անվանել էր հանրահայտ մարդ և երաժիշտ, որին Ռուսաստանում անկեղծ սիրում են միլիոնավոր մարդիկ՝ «չնայած նրա կողմնորոշմանը»:
Ի պատասխան՝ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ Ռուսաստանում ընդունված միասեռականության քարոզչությունն արգելող օրենքը նպաստում է անըմբռնողությանն ու անտեղյակությանը և շատ վտանգավոր է ռուս միասեռականների համար:
Նա հավելել է, որ այդ օրենքը խստապես ազդել է իր ծանոթ ռուս միասեռականների վրա, որոնք ենթարկվում են սպառնալիքների, վիրավորանքների ու ծեծի: Ջոնը նկատել է, որ Ռուսաստանն օտարազգի միասեռական հյուրերի հանդեպ վերաբերվում է այլ կերպ՝ համեմատած իր միասեռականների հետ:
Իրավիճակը քիչ թե շատ շտկելու համար՝ երգիչն առաջարկել է Պուտինին ծանոթացնել Ռուսաստանի միասեռական հասարակության հետ, որպեսզի նա անձամբ լսի այդ մարդկանց, որոնք իրենց երկրում արժանի են ոչ պակաս հարգանքի ու ջերմ վերաբերմունքի, քան ինքը՝ իր վերջին այցի ժամանակ: