Կիևում ավելի քան 70 մարդ է ձերբակալվել. ստեղծվել է Ժողովրդական ռադա
INTERFAX գործակալության փոխանցմամբ` չորեքշաբթի երեկոյի դրությամբ ` Կիեւի Գրուշեւսկու փողոցում անկարգություններին մասնակցելու կասկածանքով 75 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` Կիեւում Ժողովրդական ռադա է ստեղծվել` ընդդիմադիր ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ:
ՈւԴԱՌ ընդդիմադիր կուսակցության խմբակցության ժողովրդական պատգամավոր Իրինա Գերաշչենկոն Ֆեյսբուքում գրել է, որ ժողովրդական ռադայի հիմնադիր ժողովը վարել է տարիքով ավագ պատգամավոր Ալեքսանդր Շեւչենկոն:
«Միաձայն քվեարկել ենք Ուկրաինայի Ժողովրդական ռադայի հռչակման, տեղական ժողովրդական խորհուրդների, մունիցիպալ ոստիկանության ստեղծման, ինչպես նաեւ Յանուկովիչին անվստահություն հայտնելու եւ Գերագույն ռադան ցրելու համաուկրաինական քվեարկության նախապատրաստման մասին»,-գրել է Գերաշչենկոն: