Ռիչարդ Կիրակոսյանը` թուրք ազգայնամոլի հետ հանդիպման մասին. «Սա ծուղակ էր»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական, ահաբեկչական շարժման ներկայացուցիչ Հաքան Օքթայը, ըստ yerkir.am-ի հրապարակման, օրերս եղել է Հայաստանում և հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մի քանի փորձագետների հետ: Վերադառնալով Թուրքիա` Օքթայը համացանցում հրապարակել է նշված դեմքերի հետ լուսանկարները: Դրանց թվում է եղել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ապշել է, երբ իմացել է` ում հետ է ինքը լուսանկարվել:

«Ես պատկերացում չեմ ունեցել, թե ովքեր են նրանք իրականում, ես միայն գիտեի, որ նրանցից մեկը պրոֆեսոր է, իսկ մյուսը` լրագրող, ովքեր եկել էին Հայաստան, գնացել էին Ցեղասպանության թանգարան և հանդիպել որոշ փորձագետների հետ»,- ասաց Ռ. Կիրակոսյանը: Նա նշեց, թե այդ տեղեկատվությունը ստացել է Գիտությունների ազգային ակադեմիայից, իսկ նրանց հետ հանդիպումը երեկ է տեղի ունեցել:

«Եվ նրանք հանդիպման ընթացքում չբացահայտեցին, թե ովքեր են: Նրանք երկրից հեռացել են այս առավոտ և սպասել են այնքան, մինչև հեռանան Հայաստանից, որից հետո նոր տեղադրել են այդ նկարները համացանցում: Այսինքն` պարզ է, որ սա ծուղակ էր»,- ավելացրեց Ռ. Կիրակոսյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե, ըստ քաղաքագետի՝ հնարավո՞ր է, որ թուրք ազգայնականները որևէ քաղաքական հեռահար նպատակներ են հետապնդել, թե՞ սա պարզապես ազգայնականության սովորական դրսևորում էր:

Կարդացեք նաև

«Ես չգիտեմ, բայց պարզ է, որ նրանք Հայաստան էին եկել սեփական նպատակներով»,- ի պատասխան ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Լուսանկարը՝ aysor.am-ի

Տեսանյութեր

Լրահոս