Բաժիններ՝

ԱՄՆ գլխավոր շտաբն առաջարկել է Սոչիում օգտագործել իր ռազմական նոր տեխնոլոգիաները

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան բանակը Ռուսաստանի իշխանություններին առաջարկել է Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ժամանակ օգտվել իր էլեկտրոնային տեխնոլոգիաներից, որոնք մշակվել են Աֆղանստանում ու Իրաքում ինքնաշեն ռումբերին հակազդելու համար:

Նման նախաձեռնությամբ Բրյուսելում հանդիպման ժամանակ հանդես է եկել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Մարտին Դեմփսին: Թերթն ընդգծում է, որ բանակցությունների արդյունքներով չի ընդունվել ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական որոշում:

Հունվարի 21-ի երեկոյան Սոչիում անվտանգության ապահովման հարցը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը:

Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդմամբ՝ Օբաման Ռուսաստանին առաջարկել է լիակատար աջակցություն՝ կապված օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հետ: Բանակցությունների կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում:

Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 7-23-ին: Դրանից հետո՝ մարտի 7-16-ին, անցկացվելու են Պարօլիմպիական խաղերը: Հունվարի 7-ից Սոչիում ներդրվել են անվտանգության խստացված կանոններ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ իր ռազմանավերը մոտեցնել Սոչիին: Ակնկալվում է, որ Օլիմպիական խաղերի կապակցությամբ Սոչի կայցելի մոտ 15.000 ամերիկացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս