Տիգրան Սարգսյանը երկրորդ անգամ է վաճառում Հայաստանի հարստությունը
ՀՀ կառավարությունը որոշել է «ձերբազատվել» «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվող արժեքավոր իրերից: Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքները կհանվեն աճուրդի, քանի որ դրանց պահպանումը, ըստ պաշտոնյաների, «ոչ արդյունավետ և աննպատակահարմար է»:
Կառավարությունն այդ արժեքները մտադիր էր վաճառել դեռ 2012-2013 թվականների ընթացքում, սակայն միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազումը խոչընդոտել էր դրան: Այժմ ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2015 թ. դեկտեմբեր: Այս որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության առաջիկա՝ հունվարի 23-ի նիստի օրակարգում:
Գանձարանում պահվող արժեքների վաճառքի միջոցով կառավարությունը նպատակ ունի բավարարել ՀՀ արտադրական, ֆինանսական և այլ կարիքները:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տասնամյակ առաջ՝ 2003 թվականին, դեռ այն ժամանակվա Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի օրոք վաճառվեց Հայաստանի ոսկու պահուստը՝ շուրջ 1.4 տոննա ոսկի՝ 17 միլիոն 800 հազար դոլարի դիմաց։ Տիգրան Սարգսյանը մինչ օրս համարում է, որ դա հաջողված գործարք էր։