Բաժիններ՝

Սերգեյ Խաչատրյան. «Ես մեր բնության մի մասնիկն եմ»

Զրույց ջութակահար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

– Սերգեյ, Դուք Հայաստանում ընդամենը 8 տարի եք ապրել, սակայն Ձեր հայերենը վարժ է, հարուստ, կիրթ։ Ձեր կերպարը, մտածելակերպը հայեցի են, հարազատ։

-Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս դաշնակահար են։ Ես ունեմ մեկ քույր` Լուսինեն, որը նույնպես դաշնակահարուհի է։ Մեր ընտանիքը ներդաշնակ է ոչ միայն իր գեղագիտական ընկալումներով,  երաժշտական ճաշակով ու զգացմունքային աշխարհով, այլեւ բարոյական ըմբռնումներով, արժեհամակարգով։ Իմ ծնողների համար իրենց զավակների մասնագիտական հաջողություններից շատ ավելի կարեւոր էր, թե ինչպիսին են նրանք կենցաղում, պարզ, մարդկային փոխհարաբերություններում։ Եթե Դուք տեսնեք մեր բնակարանը Գերմանիայում, կթվա` հայրենիքում եք։ Մեր ներաշխարհը, մտածելակերպը, արժեքները ձեւավորվել են հայրենիքի ու հայկականության հենքի վրա։ Մեր մեջ շատ ամուր է ընտանիքի ավանդույթը, ինչով էապես տարբերվում ենք այլ ազգերից։ Օրինակ, բացառիկ է մեր  հարգանքը ծնողի հանդեպ, ընտանիքի անդամների կապվածությունը։ Ընտանեկան փոխհարաբերություններում կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ամբողջացնում են հայ ընտանիքի նկարագիրը։

– Դժվարությա՞մբ հարմարվեցիք Գերմանիայում։

Կարդացեք նաև

– Ես երբեք նման ցանկություն չեմ ունեցել, ջանք չեմ թափել գերմանացիներին նմանվելու, եւ բնավ էլ ոչ այն պատճառով, որ գերմանացիներն արժանիքներ չունեն։ Պարզապես, ես տարբեր եմ նրանցից, քանի որ հայ եմ ու հպարտանում եմ իմ ինքնատիպությամբ։ Ընդհակառակը, եթե կուզեք` ինչ-որ տեղ միտումնավոր շեշտել եմ այդ տարբերությունները։ Ես կմնայի յուրօրինակ, իմ ազգային  նկարագրին հավատարիմ, ինչ ազգի ներկայացուցիչ էլ լինեի, սակայն հայ լինելու իրողությունն ինձ հպարտություն է ներշնչում։

– Հատկապես ինչո՞վ եք հպարտանում։

– Նախ մեր ժողովրդի պատմությամբ, նրա մաքառումներով, կենսունակությամբ, իր ինքնությունը պահպանելու ջանքով։  Հպարտանում եմ մեր ժողովրդի ստեղծած արժեքներով, մշակույթով։ Լրագրողները երբեմն ինձ խնդրում են համեմատել Հայաստանն ու Գերմանիան, երկու երկրների մշակութային իրողությունները… Դրանք անհամեմատելի երեւույթներ են, քանի որ անհամեմատելի են նրանց պատմությունը, անցած ուղին։ Մեր ժողովրդի ճակատագիրը դաժան է եղել, բայց մենք կարողացանք բարձրանալ բոլոր օրհասներից ու փորձում ենք շտկել մեր կյանքը։ Եվ մենք կարող ենք, քանի որ տաղանդավոր ազգ ենք, աշխատասեր ենք, մեծ կամք ունենք ու երբեք չենք կորցնում հույսը։ Պարզապես, մենք պիտի կարողանանք ցանկացած բնագավառ զարգացնել ոչ թե անհատների էնտուզիազմի, այլ ընդհանուր մտածելակերպի, քաղաքականության, կանոնակարգված մոտեցումների միջոցով։

-Դուք հաճախ եք գալիս Հայաստան, նվագում եք հայ ունկնդրի համար։ Ձեր վերադարձը հոգու պա՞րտք է հայրենակիցների ու հայրենիքի առաջ։

-Հայաստան գալով՝ ես տուն եմ գալիս։ Աշխարհի ոչ մի երկրում ես նման զգացողություն չեմ ունենում։ Ես չեմ կեղծի, ասելով, թե Հայաստանն ամենագեղեցիկն է, թե Հայաստանի պես բնություն ոչ մի տեղ չկա… Կանադայի աշունն ավելի բազմագույն է, Ֆրանսիան ավելի կանաչազարդ է, բայց ես գալիս եմ Հայաստան, գնում եմ Ամբերդ` տեսնելու մեր կուտակ-կուտակ լեռները, հնամենի եկեղեցիները։ Մեր լեռների մեջ այնքան ուժ կա, մեր քարերի մեջ այնքան ցավ կա։ Մեր բնության մեջ այնքան պատմություն կա, ու դա իմ ցավն է, իմ պատմությունը։ Ես այդ բնության մի մասնիկն եմ, այդտեղից եմ եկել։ Ես Հայաստան եմ գալիս, քանի որ դա առաջին հերթին ինձ է պետք։

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իմ հաջողություններն իրենցն են համարում։ Մեծ հաճույքով եմ նվագում Հայաստանում, քանի որ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ընկալունակ, բուռն։ Ինձ միշտ թվում է, որ ես Հայաստանում ավելի ընկալելի եմ։ Այն կապը, որ կա իմ եւ ունկնդրի միջեւ, հայրենիքում ավելի ուժեղ եմ զգում։ Իմ մեջ գյումրեցու արյուն կա, ու ինձ միշտ կարեւոր  է հարաբերությունների ջերմությունը, անմիջականությունը, սերը։ Հայաստանում դասական երաժշտությունը շատ լավ լսարան ունի։ Ինձ շատ դուր է գալիս, որ մեզ մոտ երիտասարդներն են այցելում դասական երաժշտության համերգի, շատ երկրներում միջին եւ ավելի բարձր տարիքի մարդիկ են համալրում դահլիճի հիմնական մասը։

– Սերգեյ, մենք պիտի ավելի շատ Ձեր հաջողություններից, Ձեր արվեստից խոսեինք, սակայն հայրենիքի թեման ակամա ծավալվեց։ Դուք շատ երիտասարդ եք, բայց անհավանական հաջողությունների եք հասել Ձեր արվեստում։ Դուք աշխարհահռչակ ջութակահար եք, նվաճել եք բոլոր հնարավոր դափնիները, առաջին մրցանակ եք շահել առաջնակարգ մրցույթներում։ Եվ ուզում եմ հնարավորինս բացահայտեք, իրոք, Պառնասի գագաթը տանող ճանապարհի կարեւոր հանգրվանները։

– Ջութակահար դառնալ չեմ ցանկացել, ծնողներիս ընտրությունն է։ Նրանք մտածել են, որ մեկ ընտանիքում չորս դաշնակահար շատ է, հետո ես էլ փոքր-մոքր երեխա` դաշնամուրի մոտ չեմ նկատվել, մի խոսքով՝ որոշել են ու ինձ տարել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Ես շատ լավ եմ սկսել, քանի որ ջութակի առաջին ուսուցիչս` Պյոտր Հայկազյանը, շատ լավ մասնագետ էր։ Ես սկսեցի ջութակը սիրել առաջին համերգից հետո, բեմն ինձ դուր եկավ։ Ես սիրեցի ելույթ ունենալ ունկնդրի առաջ։ Սակայն իմ ուսումնառությունը հայրենիքում կարճ տեւեց, քանի որ հայրս մասնակցեց Բախի անվան մրցույթին եւ Գերմանիայում աշխատելու հրավեր ստացավ։ Մեր ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա։ Ես ջութակի կանոնավոր դասեր առա Ֆրանկֆուրտում, սովորեցի Ֆիրցբուրգի կոնսերվատորիայում։ Ես ուսանեցի աշխարհի ջութակահար Րիսսինի մոտ, որը Բելինսկիի աշակերտն էր, խորհրդային դպրոց էր անցել, սակայն այնուհետեւ այն ավելի կատարելագործելով ու հարստացնելով՝ ստեղծել էր իր դպրոցը։

Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ջութակ նվագել, սակայն ինչ գործիքի էլ տիրապետեի, պիտի ինձ երջանիկ համարեի, որ հնարավորություն ունեմ խոսել մարդկանց հետ երաժշտության լեզվով, ասել նրանց, թե ի՞նչ ապրումներ կան իմ հոգում, թե ի՞նչ է զգում սիրտս։

– Իսկ ի՞նչ ապրումներ կան Ձեր հոգում, եւ ի՞նչ է զգում Ձեր սիրտը։

– Դուք ուզում եք, որ ես Ձեզ բառերի միջոցով պատմեմ այդ ամենը։ Չեմ կարող, ես Չարենցը չեմ. ես չեմ տիրապետում այդ արվեստին եւ ամեն ինչ կփչացնեմ, ի վերջո, Ձեզ ոչինչ էլ չեմ փոխանցի։ Ընդհանրապես, ես ներփակ մարդ եմ, կարող եմ ներսից վառվել, փոթորկվել զգացմունքներից, բայց դուք ոչինչ չեք զգա։

– Երեւի դա է պատճառը, որ բեմի վրա Դուք այդքան շռայլ եք, այդքան կիրք ու զգացմունք եք դնում Ձեր նվագի մեջ։

-Իմ առաջին լուրջ հաջողությունը 2000-ին էր, երբ 15 տարեկանում մասնակցեցի Սիբելիուսի անվան միջազգային մրցույթին եւ շահեցի առաջին մրցանակը։ Թերեւս կուզեի նշել նաեւ 97-ին ունեցած հաջողությունս, երբ մեր ընտանիքի բարեկամ Րաֆֆի Արզումանյանի նախաձեռնությամբ` Ֆրանկֆուրտում մասնակցեցի միջազգային մրցույթի եւ ստացա առաջին մրցանակը։ Րաֆֆի  Արզումանյանը, որը Ֆրանսիայում երաժշտական դպրոցի տնօրեն էր, իմ ձայնագրություններն ուղարկեց  տարբեր երկրների հեղինակավոր օրկեստրներին, որից հետո ստացա զանազան հրավերներ։ 2005-ին ես Բրյուսելում մասնակցեցի Ելիզավետա թագուհու անվան մրցույթին։ Դա ամենաբարձր, ամենահեղինակավոր մրցույթն է, որի պատմությունը ձգվում է մինչեւ նախորդ դարի 90-ական թվականները, որին մասնակցել են Օյստրախը, Կոգանը։ Ես ստացա առաջին  մրցանակը եւ Ստրադիվարիուսի ջութակը, որը կպահեմ եւս մեկ տարի, մինչեւ հաջորդ մրցույթը։

– 20 տարեկանում մասնակցել նման մրցույթի… չէի՞ք վախենում ձախողվելուց։ Դուք արդեն ճանաչված էիք, եւ ձախողումը մեծապես կստվերեր Ձեր կարիերան։

– Շատերը նման մտավախություն ունեին։ Բայց ես հորոսկոպով Ցուլ եմ, կոտոշներ ունեմ (ժպտում է)։ Ես նվաճել եմ բոլոր հնարավոր դափնիներն ու տիտղոսները։ Նվագում եմ բոլոր այն հեղինակավոր համերգներին, որ ցանկանում եմ, տարեկան 50-55 համերգ եմ նվագում։ Հիմա ես մտածում եմ հնարավորինս կատարելագործվելու մասին։ Այդ ճանապարհն անվերջ է, սահման չունի։

– Սերգեյ, ինչո՞ւ հենց Դուք կարողացաք այդքան բարձրանալ, ի՞նչն է Ձեր մեջ բացառիկ։

– Այ, երբեք այդ մասին չեմ մտածել։ Ինչո՞ւ հենց ես□ Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել։ Մի գաղտնիք ասեմ. այնքան էլ մեծ ջանքեր չեմ դրել այս ամենին հասնելու համար։ Օրը 12 ժամ չեմ պարապել, խաղացել եմ բակում, ծեծել-ծեծվել եմ, նորմալ տղա եմ եղել։ Գիտեք, ես ինչ էլ որ անում եմ, ուզում եմ լավ անել։

– Ձեր նվագի մեջ կա՞ ազգային շեշտադրում, երբ ասենք` Բախ կամ Բեթհովեն եք նվագում։

– Չի կարող չլինել։ Ես Բեթհովենի միջոցով արտահայտում եմ իմ ապրումները, իսկ դրանք հայի ապրումներ են։ Օրինակ, երբ որեւէ մեկը հայկական երաժշտություն է նվագում, ես կարող եմ անսխալ ասել նվագողը հայ է, թե արտերկրացի։ Հայկականության շունչը կա հայ յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ։

Ու որքան նրա ստեղծած արվեստը բարձր է, այնքան ուժեղ է հայկականության ակունքը։ Ես շատ եմ հպարտանում, երբ իմ հայրենակիցների մասին արտերկրում խոսում են մեծարանքով, մենք միջազգային մասշտաբի անուններ ունենք։ Նյու Յորքում ցուցահանդես էի այցելել եւ հայի ազգանուն տեսա, շատ ուրախացա։ Մենք առանձնահատուկ ենք, ինքնատիպ ենք։ Եվ դա հրաշալի է։ Մենք շատ կենսունակ ենք. մեր մեջ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր արվեստն ու մշակույթը կպահպանեն հայրենիքում, եւ մարդիկ, ովքեր աշխարհին ցույց կտան մեր մշակույթի ուժը, մեր ժողովրդի տաղանդը։ Ես մեծ հարգանք ունեմ հատկապես առաջինների հանդեպ, ովքեր կարողացան ապրել անչափ ծանր պայմաններում ու զբաղվել արվեստով։

– Այս պահին, երբ մենք զրուցում ենք, ազգային բանակի զինվորը կանգնած է առաջին գծում, զենքը ձեռքին։

– Նա պատմության հերոսն է։ Ես խոնարհվում եմ իմ երկրի սահմանը պահող զինվորի առաջ։ Հայրենիքի համար կռվելն ամենամեծ սխրանքն է, որ կարող է գործել տղամարդը։ Ես կկռվեի հայրենիքի համար, հաստատ կկռվեի։ Արցախյան պատերազմի հաղթանակը հայոց նորագույն պատմության ամենակարեւոր իրադարձությունն է, դա զինվորի հաղթանակն է, ռազմիկի, հայրենիքի պաշտպանի։ Մենք պիտի շատ բարձր գնահատենք զինվորին։ Շնորհակալ եմ զինվորին, երախտապարտ եմ…

gayanepoghosyan.blog.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս