
Բանգկոկում մտցվում է արտակարգ դրության ռեժիմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թայլանդի կառավարությունը երկրում մտցրել է արտակարգ դրության ռեժիմ: Այն տարածվում է մայրաքաղաք Բանգկոկի ու նրան հարակից նահանգների վրա:
Արտակարգ դրությունը ներդրվում է 60 օրով՝ սկսած հունվարի 22-ից: Արտակարգ դրության ռեժիմն իշխանություններին իրավունք է տալիս հայտարարել պարետային ժամ, ձերբակալել մարդկանց՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու, ԶԼՄ-ներում մտցնել գրաքննություն, արգելել քաղաքական հավաքները և փակել խնդրահարույց շրջանների մատույցները:
Թայլանդի փոխավարչապետը պարզաբանել է, որ արտակարգ դրության ռեժիմը մտցվում է մարդկանց պաշտպանության համար, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ բողոքի ակցիաներ են իրականացնում երկրի ղեկավարության դեմ: Դրանց ժամանակ մի շարք հարձակումներ են իրականացվել բողոքի ակցիաների մասնակիցների ու առաջնորդների նկատմամբ:
Դա իրականացրածների ինքնությունը դեռ պարզված չէ, ընդդիմությունը կարծում է, որ այդ հարձակումները կազմակերպել են իշխանությունները: Բանգկոկում հակակառավարական զանգվածային ելույթները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբերին: