
Զոհված Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

Հունվարի 20-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակից զոհված Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում՝ վաղը ժամը 14:00-ին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ զինվորի հուղարկավորությանը կմասնակցի բանակի ղեկավար կազմը:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: