Թմրանյութի առաքիչը Թուրքիայի հատուկ ծառայություննե՞րն են

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, կարծում է, որ Հայաստան 1  տոննայի չափ հերոին կարող էին ուղարկել միայն Թուրքիայի հատուկ ծառայությունները: «Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը:

Դժվար է ենթադրել, որ այս դեպքում ապրանք ուղարկողը հույսը դրել է միայն հայ մաքսավորների միամտության և ոչ պրոֆեսիոնալիզմի վրա: Բացի այս, եթե այդ ապրանքը նախատեսված էր հասցնել Թուրքիա, ապա Իրանը Թուրքիայի հետ ունի բավական մեծ ցամաքային սահման, և որևէ իմաստ չունի ապրանքը նախ՝ անցկացնել Հայաստանով, հետո՝ Վրաստանով, նոր միայն հասցնել Թուրքիա, որը հավելյալ վտանգ է ներկայացնում իրենից:

Բայց քանի որ գործում առկա են Թուրքիայի քաղաքացիներ, կարծում եմ, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները դիտավորյալ Հայաստան են ուղարկել 1 տոննա հերոին և հատուկ կազմակերպել են, որ այն հայտնաբերվի մեր մաքսային մարմինների կողմից:

Նրանց հաշվարկը կարող էր այն լինել, որ նույնիսկ համապատասխան քննությունից հետո այդ ապրանքը չի ոչնչացվի, կամ կկազմակերպվեր կեղծ ոչնչացում, իսկ իրական ապրանքը կվաճառվեր Հայաստանի քաղաքացիներին՝ դրանով թունավորելով հարյուր-հազարավոր հայաստանցիների, հարյուր-հազարավորների դարձնելով թմրամոլ:

Բացի այդ, նման քանակության ապրանք իրացնելու  դեպքում Հայաստանի տնտեսությունից և դրամական շրջանառությունից դուրս կբերվեր 200-400 միլիոն դոլար կանխիկ գումար, որը նույնպես կործանարար ազդեցություն կունենար առանց այն էլ վատ վիճակում գտնվող Հայաստանի տնտեսության համար: Չի բացառվում նաև, որ ապրանքը թուրքական հատուկ ծառայությունները մտադիր են եղել իրացնել հենց հայկական շուկայում՝ հիշյալ նպատակներն իրականացնելու համար, և միայն բռնվելուց հետո են որոշել՝ որպես վերջնական հասցեատեր նշել Թուրքիան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս