«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվելու է, որոշումն արդեն ընդունված է
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվելու է, որոշումն արդեն ընդունված է, սակայն որպես այլընտրանք առաջարկվել է այգի ստեղծել և շենքի մակետը հավաքել այդտեղ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ նշելով, որ բյուջեում շենքի պահպանման ծախսեր նախատեսված չեն:
Ըստ նրա՝ խոսք չի գնում պատմամշակութային արժեք հանդիսացող հին շենքի տեղափոխման մասին, քանի որ դա թանկ է:
Անդրադառնալով վարչության գերակայություններին՝ Ա. Մովսեսյանը հայտնեց, որ այս տարի ամռանը բնակարաններ կստանան օդանավակայանին հարող բնակելի շենքերի և հանրակացարանների բնակիչները՝ 176 ընտանիքներ: Նրանց բնակտարածք կհատկացվի Երևանի Հարավ-արևմտյան զանգվածում՝ Է.Էռնեկյանի կողմից կառուցվող շենքում: Այս ծրագրի ներդրումները կկազմեն 4 մլն դոլար:
Վարչության պետի խոսքով՝ գերակա է սահմանվել կոմերցիոն օդաչուների պատրաստման ծրագիրը, որով 14 օդաչուներ են պատրաստվելու, ինչպես նաև աէրոնավիգացիոն ծառայություն մատուցող 2 ընկերությունների որակի հետ կապված աուդիտ է անցկացվելու, որի արդյունքում ավելի կբարձրանա երկրի հուսալիությունը: Մոսվսեյանը նշեց, որ թռիչքների ստանդարտները համապատասխանեցվում են եվրոպական ստանդարտներին, նաև եվրոգոտու հետ քննարկվելու է ընդհանուր ավիագոտու ստեղծման հարցը, ինչը կարող է մեր ավիափոխադրումների աճի վրա էական նշանակություն ունենալ: