
Սանտա Մոնիկայում դանակահարելու կասկածանքով հայ երիտասարդներ են ձերբակալվել

The Burbank Leader-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ոստիկանությունը հայտնել է, որ հունվարի 18-ին Սանտա Մոնիկայում երկու ձկնորսի դանակահարելու գործով ձերբակալվել է Բերբանկի ու Գլենդելի 5 բնակիչ, այդ թվում նաև մեկ դեռահաս:
Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են հինգ երիտասարդները վիճել 30 և 40 տարեկան երկու ձկնորսի հետ, ապա հարձակվել նրանց վրա: Ձկնորսներին ծեծի են ենթարկել և դանակահարել, ինչից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել:
Տվյալ գործով ձերբակալվել են 24-ամյա Արայիկ Օվոյանը, 19-ամյա Գևորգ Բաղդասարյանը, 18-ամյա Ալեքս Աքբարին, 21-ամյա Աղավնի Մանուկյանը: 16-ամյա տղայի անունը չի նշվել, քանի որ նա անչափահաս է: Վեճի պատճառներն անհայտ են: Վաղը նրանք կկանգնեն դատարանի առջև: