Արտեմ Ասատրյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին
«Սթափ գնահատված է իրավիճակը, և բոլոր քայլերը իրականացվում են մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Մենք պետք է ունենանք նաև հիմքեր, որ ոչ միայն ներկայի, այլև ապագայի ռեֆորմ է ապահովվում: Կենսաթոշակային բարեփոխումները 10 տարի քննարկվել են, և հայտարարությունները, որ նման որոշումները չի կարելի այսպես հապշտապ իրականացնել, իրականությանը չեն համապատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա՝ բոլոր խնդիրները շատ մանրամասն, շատ առարկայական բոլոր հետարքրքված կողմերի հետ բազմիցս քննարկվել են: Ասատրյանի խոսքով՝ որոշումները բխում են մեր երկրի, մեր քաղաքացիների շահերից:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից հնչեցրած խոսքին, թե նախարարը իրեն կարող է համարել այս բարեփոխման կնքահայր, Ա.Ասատրյանը նշեց. «Ես հպարտ կլինեմ, եթե համարվեմ ադ բարեփոխումների կնքահայր»: Նա խորհուրդ տվեց նայել, թե այս բարեփոխումների շրջանակներում ինչքան ենթակառուցվածքներ են ստեղծվել, որոնք լուրջ նշանակություն ունեն: Ասատրյանը նշեց, որ ցանկացած նոր համակարգ կունենա խնդիրներ, բայց դրանք լուծելի կլինեն. «Ընդունված օրենքնեը պետք է կատարվեն, իսկ ցանկացած քաղաքացի ու քաղաքական ուժ իրավունք ունի դիմել ՍԴ, որի որոշումը կկատարվի»:
Հարցին՝ թե թանկացումների և կենսաթոշակային 5% պահումների դեպքում ինչպե՞ս են քաղաքացիները գոյատևելու մինչև հուլիսի 1-ը, երբ կբարձրանան աշխատավարձերը, նախարարը պատասխանեց, թե բարեփոխումները շատ մեծ, էական նշանակություն ունեն, և այն խնդիրները, որ առաջանալու են, հիմնարար լուծումներ են ունենալու. «Ձևավորված են համակարգեր, որոնք արձագանքելու են ծագող խնդիրներին: Մեր աշխատող քաղաքացին հասկանում է, որ սա իր վաղվա բարեկեցիկ ծերության գրավականն է: Ներդրված համակարգը քաղաքական որոշումներից զերծ է, ինչը շատ կարևոր է»: