Մարզերում փաստաբաններից ոմանք աշխատում են նվաստացուցիչ պայմաններում. Արա Զոհրաբյան

ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբաններին առնչվող օրենքի վիճահարույց նախագծերը հանվել են շրջանառությունից: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կարծիքով՝ այդ լուծումը վերջնական է և իր կարծիքով՝ դա այլևս չի կրկնվի: Ա. Զոհրաբյանը ևս մեկ անգամ նշեց, որ փաստաբանների կարծիքով՝ օրենի նախագծերը վտանգում էին փաստաբանների  անկախությունը: Նշենք, որ խոսքը «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծերի մասին է: Դրանցով նախատեսվում էր 60 հազար դրամ տարեկան տուրք գանձել փաստաբաններին հաշվառելու համար:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ մարզերում փաստաբաններից ոմանք աշխատում են նվաստացուցիչ պայմաններում, չունեն գրասենյակ: Ա. Զոհրաբյանի խոսքով՝  մարզպետերի հետ համապատասխան հանդիպումների միջոցով փորձելու են այնպես անել, որ պալատին տրամադրվի անվճար սենյակ. դրա դիմաց այդ փաստաբանները շաբաթվա ընթացքում մեկ օր անվճար օգնություն կտրամադրեն բնակիչներին:

Անդրադառնալով հանրային պաշտպանի գրասենյակին՝ Արա Զոհրաբյանն ասաց, որ հանրության մեջ կարծիք կա՝ ինչը անվճար է, որակով չէ:  Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, փորձ է արվում այդ բարդույթը վերացնել: Նախատեսվելու են հանրային պաշտպանի գործունեության վերահսկման մեխանիզմներ: Այսպես, հատուկ անձինք կձայնագրեն դատական նիստը, կկազմեն արձանագրություն: Դա թույլ կտա հասկանալ՝ արդյո՞ք հանրային պաշտպանը պատշաճ իրավական օգնություն ցուցաբերում է իր վստահորդին, թե՞ ոչ:

Անդրադառնալով նախընտրական շրջանում փաստաբանների պալատի հասցեին հնչող այն քննադատությանը, որ պալատում կան յուրայիններ և օտարներ, Արա Զոհրաբյանն ասաց, որ ինքը որևէ մեկին յուրային կամ օտար չի համարում, ամեն ինչ անում է այդ տպավորությունը վերացնելու համար՝ և´ բովանդակային, և´  ձևական առումով:

Տեսանյութեր

Լրահոս