Սերգեյ Խաչատրյանն արժանացել է «Credit Suisse Young Artist Award»-ի մրցանակին

Երիտասարդ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է այս տարվա «Credit Suisse Young Artist Award»-ի մրցանակին: Այդ մասին հայտարարությունն անցած շաբաթա վերջին արվել է Վիեննայում` մրցութային  ժյուրիի կողմից, որը գլխավորում է Լյուցեռնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Մայքլ Հեֆլիգերը, հաղորդում է kurier.at-ը:

Մրցանակի արժեքը  75 հազար շվեյցարական ֆրանկ է (մոտ 82.300 դոլար) և համարվում է  այդ ոլորտում ամենաբարձր պարգևներից մեկը: Այն ենթադրում է նաև, որպես Լյուցեռնի փառատոնի մաս, համերգ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Գուստավո Դուդամել), որը կայանալու է ընթացիկ  տարվա սեպտեմբերի 13-ին:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում։ 2000 թ. Ս. Խաչատրյանը արժանացել է Հելսինկիում Յան Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթում առաջին մրցանակի և 2005 թ. Բրյուսելում թագուհի Էլիզաբեթ երաժշտական միջազգային մրցույթում առաջին՝ Թագուհու մրցանակին: Նա հանդես է եկել այնպիսի համաշխարհային նշանավոր նվագախմբերի և դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Orchestre de Paris-ը՝ Անդրի Նելսոնսի գլխավորությամբ, Բամբերգի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ջոնաթան Նոթի գլխավորությամբ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ֆիլադելֆիայի և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս