Նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալված երեք անձանց մեղադրանք է առաջադրվել

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալված երեք անձանց  մեղադրանք է առաջադրվել:

Մերի Սարգսյանի խոսքով՝ զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որը պատճառել է էական վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մաս), մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի համար (3581 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (112-րդ հոդվածի 1-ին մաս):

Զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին, ինչպես նաև դասակի հրամանատար Հրաչ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի համար (3581 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 3581 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Մերի Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ երեք մեղադրյալներն էլ կալանավորվել են:

Հիշեցնենք, որ նորակոչիկ Մհեր Խլղաթյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով:
 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս