Ստեֆան Լաքսհուբեր vs Գագիկ Ծառուկյան. գերմանացի ներդրողը դիմում է եվրոպական դատարան
Գերմանական «Իստինվեստոր» ընկերությունը, որը հսկայական վնաս էր կրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի խմբավորումից և զրկվել իր բաժնեմասից, ՀՀ-ում սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները և դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային արդարադատությանը դիմելու իր որոշման մասին երեկ «Իստինվեստորի» ղեկավար Ստեֆան Լաքսհաուբերը տեղեկացրել է իր փաստաբաններին և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:
Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ՄԻԵԴ դիմելու համար պետք է աշխատանքային խումբ կազմեն, որում կներգրավվեն նաև արտերկրի մասնագետներ, և հայցը պատրաստ կլինի մոտ 1.5-2 ամսում (ՄԻԵԴ դիմելու ժամկետն ավարտվում է այս տարվա ապրիլին):
Հիշեցնենք, որ 2013 թ. նոյեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «Իստինվեստոր» ընկերության հայցը՝ «ստանդարտ» պատճռաբանությամբ՝ հայցը բավարար հիմնավորված չէ:
Օտարերկրյա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «ԻստԻնվեստոր»-ի բաժնետոմսերը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել էր 3.2155 %: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը եղել էր 8 հազար ՀՀ դրամ: 2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել էր համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստոր»-ի մոտ որևէ նոր բաժնետոմս չէր առաջացել և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել էին՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման: Մինչդեռ «ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության կողմից կազմված եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թ. դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել էր 28 հազ. դրամ: Իսկ «ԻստԻնվեստորը» 1 բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազ. դրամով: Ըստ ներդրողի՝ ընկերության հիմնական միջոցների վերագնահատումը եղել է կամայական, նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգնման գինը: Այսինքն, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ զրկել էր փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: