Բաժիններ՝

Քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը. Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ

ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA CEELI, INC.) հետ համատեղ կազմակերպել է «ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի» քննարկում, որի նպատակն է ՀՀ փաստաբանների պալատի կողմից առաջարկությունների ներկայացումը: Ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանի խոսքով` շրջանառվող փաստաթուղթի նպատակը նոր հայեցակարգի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն է:

Զեկուցողը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր հայեցակարգում նկարագրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի արդի վիճակը, որտեղ մասնավորապես նշվում է՝ 2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրվեց ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որի ընդունումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Նախ՝ 1995թ. ընդունվել էր անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և բնականաբար բոլոր մյուս օրենքներն ու օրենսգրքերը պետք է համապատասխանեցվեին վերջինիս դրույթներին: առկա մակարդակին:

ՀՀ քրեական օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձևավորվող հանցավոր վարքագծի նոր ձևերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով: Բարձր գնահատելով գործող քրեական օրենսգրքի դերը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում’ այնուհանդերձ պետք է նշել, որ դրա նորմերի գիտական վերլուծությունը և կիրառման պրակտիկան բացահայտեցին նաև օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ: Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է:

Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին:

ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը:

Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն: ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա. մեր քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի սինթեզ է ներկայացնում, որը զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով: Բնականաբար խիստ ցածր է քրեական օրենսգրքի արդյունավետությունը: Եթե ընդհանրացնելու լինենք ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները, ապա դրանք կարելի է դասակարգել հետևյալ տեսակների՝ հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսոմ, սխալներ և հակասություններ և բացեր:

Զեկուցողը, ըստ դասակարգման տեսակների, ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները: Այնուհետև ներկայացվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային բնութագիրը:

Այնուհետև ներկայացվել են Հայեցակարգի ՀՀ քրեական օրենսգրքի նոր օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերում նախատեսված կարգավորումները:
Քննարկման արդյունքում որոշվել է դիմել փաստաբաններին’ խնդրելով առաջարկություններ ներկայացնել Հայեցակարգով նախատեսված խնդիրների լուծման վերաբերյալ:

Համակարգել ներկայացված առաջարկությունները և դիմել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին այդ առաջարկությունների վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս