Ֆինանսների նախարարությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել ՊԵԿ-ում. գործերն ուղարկվել են դատախազություն

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից անցած տարի իրականացված հսկողության արդյունքում արձանագրված գումարներից անցած տարի վերականգնվել/վերաձևակերպվել է 2.3 մլրդ դրամ՝ 2012թ-ի 1.1 մլրդ դրամի դիմաց:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը, իրականացվել են 85 ստուգումներ և ուսումնասիրություններ (65 ստուգումներ, այդ թում՝ ծրագրային՝ 29, իրավապահ մարմինների պահանջով՝ 27, վարչապետի հանձնարարականով՝ 9 ստուգումներ, և 20 ուսումնասիրություններ):

Ուսումնասիրվել են ՀՀ պետական բյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարված ծախսերը, պարզվել է, որ ՊԵԿ կողմից խախտվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կարգի պահանջները և Սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերում պետբյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները: Ըստ Ս.Ղարիբյանի՝ արդյունքում պարզվել է, որ երկու ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարներն ավելի է ներկայացվել 584.7մլն դրամով:

Տեսչության պետը հայտնեց, որ ընտրանքային կարգով ուսումնասիրվել են ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում և բացահայտվել է, որ բազմաթիվ դեպքերում տնտեսվարողը աշխատանքի է ընդունել աշխատողին հղիության 6-րդ ամսին, որը մեկ ամիս աշխատել է և գնացել բյուլետեն ու ստացել 150-220 հազար և ավելի դրամ նպասստ: Կամ՝ վարձու աշխատողը համատեղել է աշխատանքը 2 փոխկապակցված կազմակերպություններում, մեկ ժամն էլ կրկնակի է աշխատել, ստացել է 1.6 և 2.3 անգամ ավելի եկամուտ, իսկ հղիության արձակուրդում 2 կազմակերպություններից ստացել է 2 մլն 565 հազար դրամի նպաստ: Կամ՝ աշխատանքի ընդունվելով 65 հազար դրամ աշխատավարձով, մեկ տարի հետո հավելավճարներով ստացել է 174.6 հազար դրամ, սակայն հղիության արձակուրդում ստացել է 2 մլն 32 հազար դրամ նպաստ՝ շնորհիվ տարվա ընթացքում մաս-մաս ստացած 2 մլն 835 հազար դրամ պարգևատրման: Նույն անձը համատեղության կարգով աշխատել է այլ կազմակերպությունում, ստացել 303 հազար դրամ, իսկ հղիության նպաստը կազմել է 1 մլն 237 հազար դրամ:

«Ավելի քան 170 գործատուներ 2013թ. հունվարից մայիս ժամանակահատվածում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրով՝ գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստի գումարները ներկայացրել է որպես պետբյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա գումար»,- ասաց Ս.Ղարիբյանը՝ հավելելով, որ բոոր փաստերը լրացուցիչ քննության համար ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Տեսանյութեր

Լրահոս