Պուտինի պատվին Գյումրիում իրականացված փողոցաշինության համար շինարարները չեն վճարվել. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Գյումրիում անցած տարեվերջին իրականացվեցին փողոցաշինական աշխատանքներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ: Պատվիրատուն, ինչպես հայտնի է, ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարությունն էր: Նախարար Գագիկ Բեգլարյանը հանձնարարել էր 3 շաբաթվա ընթացքում հիմնանորոգել Գյումրու «Շիրակ» օդանավակայան տանող երկու հիմնական ճանապարհները, բացի այդ ասֆալտապատվել էին Աբովյան փողոցն ու Գյումրու դրամատիկական թատրոնի ծառայողական մուտք տանող ճանապարհահատվածը: Փողոցաշինական աշխատանքներում ներգրավված երեք շինարարական կազմակերպություններն էին Գյումրու Մերձմոսկովյան ընկերությունը, Ախուրյանի ճանշինն ու եւս մեկ կազմակերպություն Լեռնային Ղարաբաղից: Ինչպես եւ հանձնարարված էր, մինչեւ նոյեմբերի 28-ը ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին Գյումրիում՝ չնայած եղանակային վատ պայմաններին, եւ Վլադիմիր Պուտինի մուտքը Գյումրի ազդարարվեց բարեկարգ ճանապարհներով:
Ընդհանուր առմամբ այդ օրերի փողոցաշինությունը Գյումրիում արժեցել է շուրջ 500 միլիոն դրամ, քանի որ ինչպես ավելի վաղ նշում էին շինարարները, իրականացվել է որակյալ շինարարություն՝ փռվել հաստ շերտով ասֆալտ:
Սակայն ՀՀ կառավարությունից ու տրանսպորտի նախարարությունից շինարարական ընկերություններին հորդորել են առավել մեղմ գներ սահմանել, քանի որ բյուջեի միջոցները սուղ են, այդ պատճառով էլ 3 շինարարական կազմակերպությունները մոտ 100 միլիոն դրամ գումար զիջել են: Այնինչ իրականացված աշխատանքների դիմաց 400 միլիոնի վճարումը մինչ օրս տրանսպորտի ու կապի նախարարությունը չի կատարել՝ չնայած որ անձամբ նախարարը խոստացել էր, որ աշխատանքներն ավարտելուն պես գումարը կփոխանցվի ընկերություններին:
Կայքի տեղեկություններով՝ մինչ օրս իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վճարվել նաեւ փողոցաշինական աշխատանքներում ներգրավված բանվոր-շինարարները, այսինքն շինարարական 3 ընկերություններն իրենց ֆինանսական հնարավորություններն ուղղել են սահմանված կարճ ժամանակահատվածում որակյալ ասֆալտապատում իրականացնելուն եւ միջոցներ չեն ունեցել աշխատավարձեր վճարելու բանվոր-շինարարներին:
Ընդհանուր առմամբ 56.000 քառակուսի մետր ճանապարհ է նորոգվել Գյումրիում, եւ դրա դիմաց նախարարության պարտքը կազմում է 400 միլիոն դրամ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ախուրյանի ճանշինի ղեկավարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ 3 շինարարական ընկերություններին էլ մինչ օրս չեն վճարել: «Մինչ աշխատանք սկսելը մեզ հետ պայմանագիր կնքեցին, բայց գումար դեռ չեն տվել, կոնկրետ մեր ընկերությանը վճարելու են 35 միլիոն դրամ, մեր ընկերությունը նորոգել է Գյումրու Աբովյան փողոցն ու թատրոնի շենքի տարածքը: Կատարվել է որակյալ շինարարություն, ինչը հաստատել է լաբորատոր փորձաքննությունը: Հիմա մեզ ասել են, թե փաստաթղթային խնդիրներ կան, տրասպորտի նախարարությունից ասացին, թե երբ էդ հարցերը լուծվեն, էն ժամանակ ձեր գումարները կվճարվեն, բայց թե կոնկրետ երբ՝ չգիտենք»,- նշել է ընկերության ղեկավար Նիկոլայ Հարությունյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: