Մհերին ոչ թե ծխախոտով են այրել, այլ ինչ-որ բան տաքացրել ու դրել են մարմնին. galatv.am
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Պն նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող 18-ամյա Մհեր Խլղաթյանին՝ ասել է, որ զինվորի ծեծի փաստը դեռ ապացուցված չէ՝ հատուկ շեշտելով, որ քննությունը կպարզի՝ նման բան եղել է, թե՞ ոչ:
«Ծեծի փաստն ապացուցված չէ: Մանավանդ որ վերջին տվյալներով Մհերը եկել է գիտակցության և ասում է, որ նման դեպք չի եղել: Քրեական գործ է հարուցված, իրավապահներն աշխատում են, և գործի արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»:
Իսկ ԳԱԼԱ-ի լրագրողի այն հացին, թե հարազատների պնդմամբ Մհեր Խլղաթյանի ձեռքին այրված ծխախոտի հետքերը դիտարկվո՞ւմ են որպես խոշտանգման դեպք, նախարարը նշել է, որ այդպիսի հետքեր զինվորի ձեռքերին չեն եղել:
Սակայն զինծառայող Մհեր Խլղաթյանի հարազատները շարունակում են պնդել, որ ծեծ եղել է, բացի այդ ոչ միայն Մհերի ձեռքերին, այլ նաեւ ոտքին կան վառվածի հետքեր: Մհերի քրոջ պատմելով՝ դրանք ավելի շատ ոչ թե ծխախոտից վառված հետքեր են, այլ ավելի խորը հետքեր են:
«Այն տպավորությունն է, որ ինչ–որ բան են տաքացրել եւ դրել են մարմնի վրա»,- ասաց Տաթեւ Խլղաթյանը:
Մհերի մայրը՝ տիկին Գոհարը եւս փաստեց, որ Մհերի վրա կան ծեծի եւ վառված հետքեր: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ «նախարարը չի տեսել դրանք եւ հավանաբար տեղյակ չէ»:
Ավելի վաղ Մհեր Խլղաթյանի մայրը՝ տիկին Գոհարը, պատմել էր, որ որդու գլխին եւս հարվածներ են եղել, եւ որ նրան հետեւից ուժեղ հարվածել են եւ այդ իսկ պատճառով հեմատոմա է առաջացել:
Մանրամասները այստեղ`