ԲՀԿ-ական պատգամավոր. «Իշխանություն պահելու միակ ճանապարհը Մաքսային միությունն էր»
Ինչո՞ւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում չանդրադարձավ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցին և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրին, թեև նա մանրամասնորեն խոսեց այլ խնդիրների մասին:
Այսօրվա ասուլիսում պատասխանելով 168.am-ի այս հարցին՝ Հայոց Համազգային Շարժում կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ճիշտ եք ասում, բոլոր այն քննադատությունները, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է, ուղղակիորեն կապված են Մաքսային միության հետ, որովհետև և´ գազի հարցը, և´ որոշումներ պարտադրելը կատարվեց այն ոճով, որով պարտադրվեց Մաքսային միությունը: Պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանը չի քննադատի, որովհետև նա կողմնակից է Մաքսային միությանը: Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ բոլոր երեք նախագահները կողմ են Մաքսային միությանը, պարզապես մեկն ասում է՝ գիտեք, ես ավելի լավ կանեի, ավելի շատ կպոկեի Ռուսաստանից, գազի գինը կցածրացնեի…
Բայց սա միավորում է այդ երեք նախագահներին: Եթե ինձ հարցնեք, կոնկրետ կպատասխանեմ՝ դեպի Մաքսային միություն Հայաստանի ճանապարհը կործանարար է»:
ՀՀՇ-ական գործչի հետ մի փոքր չհամաձայնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ով զարմացավ «պարտադրվեց» բառի վրա:
«Ուղղակի զարմանալի է, ոչինչ չի պարտադրվել, ի՞նչ իմաստ ուներ՝ ռուսները պարտադրեին մի բան, որն ակնհայտ էր. իշխանություն պահելու միակ ճանապարհը Մաքսային միությունն էր, մնացածն իշխանությանը չի հետաքրքրում»,- ասաց Լ. Խաչատրյանը:
Սրան ի պատասխան՝ Հ. Իգիթյանը հարցրեց. «Ո՞ւմ համար էր ակնհայտ: Վարչապետն այդ որոշումից երկու օր առաջ ասում էր, թե մենք սահման չունենք Մաքսային միության հետ…»
«Խաղեր էին, ռուսների և ինձ համար էլ բացահայտ էր, որ իշխանությունը պահելու միակ ճանապարհը Մաքսային միությունն է, որտեղ հնարավոր է առանց ընտրության պահել իշխանությունը, վե´րջ: Իսկ փողերը պահելու համար պետք է Եվրոպայի հետ կապերը չկորցնել: Մեկն էլ է կատարվում, մյուսն էլ»,- եղավ Լ. Խաչատրյանի պատասխանը:
Ի դեպ, «կո՞ղմ եք, թե՞ դեմ Մաքսային միությանը» հարցին ԲՀԿ-ի ներկայացուցիչ Լ. Խաչատրյանը պատասխանեց, թե « կողմ եմ Մաքսային միության տնտեսական բաղադրիչին, իսկ քաղաքական բաղադրիչով ես կողմ է Եվրոպային»:
Սակայն ԲՀԿ-ական պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այնուամենայնիվ չի քննադատում գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Լ. Խաչատրյանը պատճառաբանեց, որ «երկրի տնտեսական քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը»:
«Դուք կարող եք ինձ քննադատել նաև նրա համար, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի քննադատում մեկ այլ պետության նախագահի»,- ավելացրեց նա: