Փոստանջյանն իրականություն է դարձնում իր սպառնալիքներն՝ ուղղված Հովիկ Աբրահամյանին
«Երկիր Մեդիան» գրում է. Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին դժվար օրեր էր խոստացել անցած տարվա հոկտեմբեի 23-ին, երբ իմացել էր, որ Ազգային ժողովի նախագահը իրեն չի ընդգրկել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում: Սրան էլ, հիշեցնենք, նախորդել էր Զարուհի Փոստանջյանի հարցը կազինոյի վերաբերյալ՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ Ստրասբուրգում: Ըստ կայքի՝ դժվար օրերի մասին Փոստանջյանի սպառնալիքը, շատ հնարավոր է, շուտով իրականություն դառնա:
Հունվարի 27-31-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, ու դրան, Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ կմասնակցի: Նա այլեւս պատվիրակության անդամ չէ, բայց Ստրասբուրգ մեկնելու հրավեր է ստացել Եվրախորհրդի ԵԺԿ խմբակցությունից, որին անդամակցել է: Ավելին, ըստ մամուլի հրապարակումների, Զարուհի Փոստանջյանն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ԵԽԽՎ 10 պատվիրակների հետ, ովքեր նստաշրջանի սկզբում ոտքի կկանգնեն՝ պահանջելով վիճարկել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության լիազորությունների հարցը: Մեր պատվիրակությունում այս հեռանկարը իրատեսական են համարում ու հանգիստ են վերաբերվում:
«10 պատվիրակ, որ կվիճարկեն հայաստանյան պատվիրակության լիազորությունների հարցը, Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում կգտնի»,- ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Բայց սա, ըստ նրա, ստանդարտ գործընթաց է, որովհետեւ, ըստ նրա, միշտ էլ գտնվում են 10 հոգի, ովքեր վիճարկում են այս կամ այն պատվիրակության լիազորությունների հարցը:
Ի՞նչ է սպասվում մեր պատվիրակությանը դրանից հետո:
«Պատվիրակությունը շարունակում է աշխատել: Հարցը կասեցվում է, եւ չորեքշաբթի կամ հինգշաբթի, որպես կանոն՝ չորեքշաբթի, հավաքվում է կանոնակարգային հարցերով հանձնաժողովը ու որոշում կայացնում՝ եղե՞լ է կանոնակարգի խախտում, թե՞ ոչ»,- ասել է Դավիթ Հարությունյանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: