Ջոն Քերին 2008 թվականին ընդգրկված է եղել Հիլարի Քլինթոնի «սև ցուցակում»
The New York Daily News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Ջոն Քերին ընդգրկված է եղել 2008 թվականի նախագահական կամպանիայի ընթացքում Հիլարի Քլինթոնի կազմած գլխավոր թշնամիների ցուցակում: Այս մասին նշված է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրքում, որը հրատարակվելու է փետրվարին:
Քլինթոնի օգնականները կազմել են նրա և՛ հակառակորդների, և՛ կողմնակիցների ցանկը: Նրանցից յուրաքանչյուրին դասակարգել են 1-ից (դրական) մինչև 7 (բացասական) բալ սանդղակով: Քլինթոնը մտադիր է եղել հաղթելու դեպքում պատժել իր թշնամիներին ու խրախուսել կողմնակիցներին:
Ջոն Քերին բացասական վարկանիշում ստացել է առավելագույն գնահատական՝ 7 բալ: Քերիի և բացասական դիտարկված մյուս գործիչների ներկայացուցիչները շտապել են լրագրողներին հավաստիացնել, որ իրենք լավ հարաբերություններ են պահպանում Քլինթոնի հետ:
Քլինթոնի գիրքը կոչվում է «Պետական գաղտնիքներն ու Հիլադրի Ռոդեմ Քլինթոնի վերածնունդը» (HRC: State Secrets and the Rebirth of Hillary Clinton): Հիլարի Քլինթոնը համարվում է 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներից մեկը:
2008 թվականի նախագահական ընտրություններում Քլինթոնն ու ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման հանդիսացել են դեմոկրատների թեկնածուի հիմնական մրցակիցներ: Ընտրական կամպանիայի վճռորոշ պահին Քերին կոչ է արել քվեարկել Օբամայի օգտին:
Դա հարուցել էր Քլինթոնի դժգոհությունը, ով հուսով է եղել ստանալ Մասաչուսեթս նահանգի հանրահայտ սենատորի աջակցությունը: Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Բարաք Օբաման Հիլարի Քլինթոնին նշանակեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: 2013 թվականին Քլինթոնին այդ պաշտոնում փոխարինեց Ջոն Քերին: