
Նոր մանրամասներ` ծեծված զինվորի մասին. galatv.am

ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի հարեւանների հետ: Նրանց տեղեկություններով՝ զինվորին ծեծի են ենթարկել սպաները՝ այն պատճառով, որ վերջինս վազել չի կարողացել, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, բուժվել է զորամասի բուժկետում.
«Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է, շատ վատ վիճակի: Խնդիրը սպաների հետ է եղել, ծառայողները իրեն չեն ծեծել: Հիվանդ վիճակում ելել է պլաց, ուշաթափվել ընկել է գետնին»,- նշում է զինվորի հարևան Արտակ Գրիգորյանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: