Ովքե՞ր են հավակնում դառնալ Արմավիրի մարզպետ

«Հրապարակը» գրում է. «Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների անուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները:

Ամենից հաճախ կարելի է լսել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը, որին դեռ նախընթաց տարի էին շտապում կարգել մարզպետի աթոռին: Պաշտոնի գինը, թերևս, փետրվարին կայացած նախագահական ընտրությունն էր, որը պատվով հաղթահարելու դեպքում Կարեն Գրիգորյանի համար լուսավոր հորիզոններ էին բացվելու: Բայց Էջմիածնի քաղաքապետը, մեղմ ասած, տանուլ տվեց «քննությունը»: Ձախողումից հետո, չնայած մի կերպ պահպանեց համայնքի ղեկավարի իր մանդատը, բայց դա չխանգարեց, որ նոր տարում հին ցանկությանը երկրորդ շնչառություն տա, մանավանդ որ, հանձին գեներալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, ամուր և հուսալի տանիք ունի:

Մարզպետացուների շրջանառվող թեժ եռյակում Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է: Սկանդալային պատմություններով աչքի ընկնող ղեկավար, որի պաշտոնավարման տարիներն արմավիրցուն ոչինչ չտվեցին: Շարքային արմավիրցու համար Խլղաթյանը ծառ կտրող, մայթ վաճառող ու ընտանեկան բիզնեսը ծաղկեցնելու համար «սեփական ու պետական բուրդն» իրարից չտարբերող ղեկավար է: Բայց քանի որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի մերձավորն ու բարեկամն է, ծովը նրա համար էլ է ծնկներից: Ասել է թե, ի դեմս Նեմեց Ռուբոյի, իշխանական վերնախավում բարեխոս ունի:

Պակաս ակտիվ չեն քննարկումները նաև երրորդ հավանական թեկնածուի՝ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի անվան շուրջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս