Այս տարի կիրականցվեն համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր
ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունն անցած տարի քննարկել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏԿՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ծրագրայինի դեպքում խոշորացումը տարվելու է որևէ ծրագրի (հիմնականում՝ տնտեսական ներուժ պարունակող) և այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների (օրինակ՝ արդյունավետ բյուջետավարում) շուրջ, իսկ վարչականը՝ պարզ պայմանների առկայությամբ (համայնքների միջև հեռավորություն, բնակիչների համատեղելիություն և այլն): Ըստ այդմ՝ մշակվել են թվով 14 համայնքային փնջեր:
Վ.Տերտերյանը տեղեկացրեց, որ այս տարի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր կիրականցվեն Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում: Ըստ նրա՝ խշորացումն առանձին դեպքերում թիրախային խնդիրներ լուծելու հնարավորություն կընձեռի:
Անդրադառնալով խնդրին, որ որոշ համայնքներում դժգոհություն կա խոշորացման ծրագրից և բնակիչները բողոքի ցույցերի են պատրաստվում, Վ.Տերտերյանը ասաց. «Խոշորացումն ինքնապատակ չի, համոզված ենք, որ ճիշտ բան ենք անում ու պետք է հանրաքվե անենք, հասարակության կարծիքը հարցնենք, մարդիկ էլ իրենց վերաբերմունքը կհայտնեն»: