ՀՀ բնակչությունն աստղաբաշխական գումարներ է վճարել սպառած գազի և էլէներգիայի դիմաց

«ՀԺ»-ն գրում է. Ինչպես և կանխատեսվում էր, այս ձմեռ ՀՀ բնակչությունն աստղաբաշխական գումարներ է վճարել գազից և էլէներգիայից օգտվելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ։ Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ։Համեմատության համար՝ 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր և հետևաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած, միայն գազի դիմաց այս դեկտեմբերին ազգովի վճարել ենք 8 միլիարդ դրամով ավելին քան անցած դեկտեմբերին։ Մոտ մեկ միլիարդ դրամով էլ աճել են էլէներգիայի դիմաց կատարած վճարումները։ Այսպիսով, այս դեկտեմբերը բնակչության վրա միայն էներգետիկ ծախսերի մասով 9 միլիարդով ավելի թանկ է նստել։ Նույն միտումը պահպանվելու է նաև հունվարին, քանի որ հունվարի առաջին կեսը նույնպես խստաշունչ է եղելԱյսպիսով, միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին ընդհանուր բնակչության էներգետիկ ծախսերը 16-17 միլիարդ դրամով ավելին կլինեն քան անցած տարի էր։ Իսկ սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գազի և էլէներգիայի դիմաց վճարել է մոտ 6 հազար դրամ ավելին։ Միջին վիճակագրական՝ չորս հոգանոց ընտանիքի՝ միայն ջեռուցման ծախսը ավելացել է 24-25 հազար դրամով։ Պաշտոնական տվյալներով մոտ 33 տոկոս աղքատություն արձանագրած երկրի համար սա մեծ, չափազանց մեծ գումար է։ Հայաստանյան ընտանիքների մեծագույն մասի համար ծախսերի նման ավելացումը ծանրագույն բեռ է ընտանեկան բյուջեի համար։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս