Բաժիններ՝

ԿԳՆ առաջնահերթություններն ու խնդիրները 2014թ-ին՝ ըստ Աշոտյանի

2014 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկած գերակա խնդիրները հիմնականում նախորդ տարվա շարունակությունն են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շարունակվելու է դասագրքերի փորձարկման գործընթացը. դասագրքերը միանգամից չէ, որ հրապարակվում և մտնում են դպրոց, դրանք մեկ տարի փորձարկվում են 80 դպրոցներում: Ըստ Աշոտյանի՝ դա թույլ տվեց կտրուկ բարձրացնել դասագրքերի որակը և վերջին շրջանում հանրությունը բողոքներ չունի:

Նախարարի խոսքով՝ շարունակվելու է առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու գործը. «Անցած տարվա վերջին արտադրության դրվեց հայկական պլանշետը և հույս ունենք, որ այս տարի սեպտեմբերին կկարողանանք առաջին դասարանցիներին բաժանել հայկական գաջետները՝ կրթական ծրագրերով»:

Ա.Աշոտյանը նշեց, որ այս տարի 9-ամյա պարտադիր կրթությունից անցում կկատարվի 12-ամյա պարտադիր կրթության և հույս հայտնեց, որ գարնանային նստաշրջանում կքննարկվի և երկու ընթերցումը կանցնի համապատասխան օրինագիծը, որ սեպտեմբերից այս նորմը դառնա պարտադիր:

ԿԳՆ-ն անցած տարի բյուջետային գրանտ է շահել 6 մլն դոլարի չափով՝ գյուղական քոլեջները բարելավելու նպատակով:

Ըստ Աշոտյանի՝ ուշադրության կենտրոնում է լինելու խոցելի խավերի կրթության հարցը, կառավարությունը երաշխավորելու է ուսման վարձի բավականին զգալի զեղչ: ԿԳՆ-ն լիարժեք ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչ սոցիալական խնդիր ունի հայ ուսանողը, և նախարարի խոսքով, շուտով, այն կներկայացվի հանրությանը: Ներկայումս մշակվում է մայրաքաղաքում ուսանողական ավանի կառուցման հարցը:

«ՀԲ աջակցությամբ բուհերի ներկայացրած 10 լավագույն նախագծեր ենք ընտրել և դրանց իրականացումը թույլ կտա ունենալ ավելի արիդական կրթական միջավայր՝ գենետիկ լաբորատորիաներից մինչև աուդիովիդեո բեմ»,- ասաց Ա.Աշոտյանը:

Նախարարը նաև նշեց, որ գերակա է մնում հակակոռուպցիոն ռազմավարությունը. «Այս ոլորտը, ինչ նախարար էլ գա, բավականին երկար ժամանակ կմնա օրակարգում, շարունակվելու են նորմատիվ ակտերի վերանայումը, միջազգային կառույցների հետ համգործակցությունը այս ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս