Ծեծված զինվորին արգելում են տեսակցել նաեւ ընտանիքի անդամների հետ
galatv.am-ը գրում է. Հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով` գրեթե անգիտակից, Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանին, ըստ դեռեւս ոչ պաշտոնական տեղեկությունների, ծեծի են ենթարկել զորամասի բուժկետում:
Մհեր Խլղաթյանի հարազատներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմել է, որ Մհերը ապրում է մոր եւ հորեղբոր ընտանիքի հետ:
Նրա հայրը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ երկար ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում բուժման նպատակով: Մհերը բանակ զորակոչվել է անցած 2013 թ-ի դեկտեմբերի 18-ին: Մեկ օր առաջ զինծառայողը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի մի գրառում է թողել.« Ժողովուրդ ջան, գնացի բանակ… ցանկանում եմ բոլորիդ ուրախ Նոր տարի անեք»:
Ըստ տեղեկությունների՝ Մհերի մոտ առողջական խնդիրներն ավելի վաղ են ի հայտ եկել, նա բուժվել է զորամասի բուժկետում, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ այդ տեղեկությունների՝ զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։ Մինչ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելը նախ Մհեր Խլղաթյանին տեղափոխել են Վարդենիս եւ փորձել են բուժել Վարդենիսի զինվորական հոսպիտալում: Սակայն զինվորին որոշ ժամանակ այնտեղ պահելուց հետո տեղափոխել են Երևան։
Այն, որ Մհեր Խլղաթյանի մոտ առկա են ծեծի հետքեր, այդ մասին հաստատում են նաեւ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: